Սկզբունքներ
The Armenite-ը նախևառաջ լրագրության հարթակ է։ Մենք կազմել ենք այս տասը սկզբունքները՝ հավասարապես կարևոր, որոնք ուղղորդում են մեր աշխատանքը։ Դրանք համադրում են լրագրության հիմնարար արժեքները մեր՝ որպես հայկական լրատվամիջոցի ինքնությունն արտացոլող արժեքների հետ։ Դրանք՝ մեր առաքելության հետ միասին, կազմում են առավել բարձր չափանիշի մեր ձգտման հիմքը։
Սիրե՛ք հայ ազգը։
Ամբողջը՝ Հայաստանը, Սփյուռքը, մարդկանց, մշակույթը, պատմությունը։ Մենք հավատում ենք, որ եթե նվիրված ենք մնալու The Armenite-ում մեր կատարած աշխատանքին, ապա մեր նվիրվածության աղբյուրը պետք է լինի մեր թեմայի հանդեպ սերը՝ հայ ազգը։
Փնտրե՛ք ճշմարտությունը։
Լրագրության հիմքը ճշմարտությունն իմանալու ցանկությունն է։ Մենք հավատում ենք, որ սա պետք է լինի յուրաքանչյուր լրագրողի մղիչ ուժը, և այն մերն է։
Ամեն ինչ կասկածի տակ առե՛ք։
Մեզ համար կարևոր է քննադատաբար մտածել և մարտահրավեր նետել սեփական ենթադրություններին։ Մենք հավատում ենք, որ սա անհրաժեշտ քայլ է ոչ միայն խնդիրներ բացահայտելու, այլև լուծումներ գտնելու համար։
Եղե՛ք ազնիվ և փաստացի։
Լրատվամիջոցի հեղինակությունը նրա ամենաթանկ ունեցվածքն է։ Մենք հավատում ենք, որ ընթերցողների վստահությունը շահելու լավագույն ճանապարհը նրանց հարգելն է՝ լինելով ազնիվ և փաստացի։
Ծառայե՛ք հանրային շահին։
Որպես լրագրողներ՝ մենք նախևառաջ պատասխանատու ենք հանրային շահի առաջ։ Մենք հավատում ենք, որ պետք է հավատարմորեն կատարենք այս պարտքը՝ լինելով մտածված մեր աշխատանքում և կառուցողական մեր քննադատության մեջ, արհամարհելով սենսացիոն և ցածրաճաշակ լրագրության գայթակղությունը։
Եղե՛ք ինքնատիպ։
Լավ գաղափարները գալիս են խոր մտածելուց, բայց նաև՝ այլ կերպ մտածելուց։ Մենք զզվում ենք կլիշեներից, որոնք բթացնում են միտքը՝ փոխարինելով խելացի մտածողությանը և վիրավորելով մեր գոյության կենսունակությունը։ Մենք հավատում ենք, որ առաջընթացի համար պետք է ինքնատիպ լինենք թե՛ մտքով, թե՛ արտահայտությամբ։
Լույս սփռե՛ք մութ անկյունների վրա։
Թաքնվածը, գաղտնիը և մոռացվածը բացահայտելը ազատ, իրազեկ և բաց հասարակության անբաժանելի մասն է։ Մենք հավատում ենք, որ սա լրագրության անգնահատելի ներդրումն է, և լիովին ընդունում ենք այն։
Եղե՛ք բացառիկ, սահմանե՛ք չափանիշը։
Եթե ինչ-որ բան ակնկալում ենք ուրիշներից, նախ պետք է ակնկալենք դա մեզնից։ Մենք հավատում ենք, որ պետք է լինենք հայ լրագրության չափանիշի կրողը՝ բացառիկ մեր աշխատանքում, եթե ուզում ենք, որ ուրիշներն էլ նույնն անեն։
Արե՛ք հիանալի լրագրություն։
Պատմությունները ավելի լավն են, երբ լավ են պատմվում։ Մենք հավատում ենք, որ որպես ազգ արժանի ենք առկա ամենաբարձր որակի լրագրության, և մտադիր ենք ստեղծել այն։
Եղե՛ք անվախ։
Լրագրողները պետք է պատրաստ լինեն դուրս գալ հարմարավետության սահմաններից, ասել ոչ սիրված բաներ, քննադատվել, մերժվել և ատվել։ Մենք հավատում ենք, որ հիանալի լրագրություն անելու համար պետք է աշխատենք առանց վախի։